Ցավոք, տարեվերջին մեծ կորուստ ունեցա. Սոֆի Դևոյան

ժամանակն է  հետադարձ հայացք նետել անցնող տարվան ու ամփոփել՝ ինչ ձեռքբերումներ ունեցանք  2018-ին, ինչ դասեր պետք է քաղել այս տարվանից  եւ ինչ սպասել 2019 թվականից:

«Ժողովուրդ» օրաթերթն իր տարեվերջյան ամփոփիչ  համարում ներկայացնում է հայ հայտնիների խոսքը անցնող տարվա վառ, պայծառ դրվագների եւ գալիք տարվա հետ կապված երազանքների  մասին: Նրանք պատմել են, թե տոնին առնչվող ինչ ասոցիացիաներ ունեն, եւ հղել են իրենց ամանորյա մաղթանքները:

Սոֆի Դեւոյան՝ Հայաստանի վաստակավոր արտիստ

Ամանորն ինձ համար սիրո եւ ջերմության խորհրդանիշն է: Նայում ես` շուրջդ առատություն է, դու ընտանիքիդ անդամների, թանկ մարդկանց  հետ ես: Դրանից հաճելի ի՞նչ կարող է լինել: Ինձ թվում է՝ աշխարհում չկա մեկը, ով չսիրի Ամանորը:  2018-ը գործնական առումով ինձ համար բեղմնավոր տարի էր, ունեցանք մի շարք համերգներ եւ հյուրախաղեր, առավել տպավորիչ էր մեր եզրափակիչ համերգը: Ցավոք, տարեվերջին մեծ կորուստ ունեցա. կյանքից հեռացավ մայրս:

Աստծո առաջ խիղճս մաքուր է, որ որդիական պարտքս լավագույնս կատարել եմ նրա առջեւ: Մաղթում եմ, որ գալիք տարում կորուստներ չլինեն, պատերազմներ, արտակարգ իրավիճակներ չլինեն:

«Ժողովուրդ» օրաթերթին մաղթում եմ  հետաքրքիր նյութեր, դինամիկա եւ առաջընթաց, իսկ հայ ժողովրդին ցանկանում եմ սեր, թող մարդիկ երբեք չչարանան, լինեն ազնիվ, յուրաքանչյուրն ունենա իր սիրելի աշխատանքը եւ շրջապատված լինի սիրելիներով, որոնք կգնահատեն եւ կհասկանան իրենց:

Աղբյուր՝ Armlur.am

Facebook Comments