Գազի «թավշյա» գինը

Panorama.am-ը գրում է.

Օրեր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռուսական գազը ՀՀ է մատակարարվելու հազար խմ-ի դիմաց 165 դոլարով՝ ներկայիս 150-ի փոխարեն, սակայն սպառողների համար գազը չի թանկանա:

Այս հայտարարությունից պարզ չէ, թե սպառողներին դեռ որքան ժամանակ հնարավոր կլինի այդ գնով գազ մատակարարել, բացի այդ հարց է առաջանում՝ արդյոք գազի գինը կփոխվի իրավաբական անձանց համար, թե՞ նրանք նույնպես կշարունակեն վճարել հին գնով: Հաջորդ հարցն այն է, թե ի՞նչ ռեսուրսների հաշվին է պահպանվելու գազի գինը սպառողների համար, եթե սահմանին այն թանկանում է 10%-ով:

Որո՞նք են գազի գնի բարձրացման պատճառները, ի՞նչպես այն կազդի տնտեսության վրա. այս հարցերի շուրջ Panorama.amզրուցել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի և էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի հետ:

Գազի գինը քաղաքական հարց է

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի կարծիքով, գազի գնի շուրջ պայմանավորվածությունը բացառապես պետք է քաղաքական հարթության մեջ դիտարկել:

Նրա խոսքով՝ ինչպես նախորդ կառավարությունների, այնպես էլ այս կառավարության օրոք գազի գինը ձևավորվել է Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների պայմանավորվածության արդյունքում:

«Այս կոնտեքստում պետք է հարցը դիտարկել, քանի որ եթե նայում ենք Ռուսաստանի կողմից տարբեր երկրներին մատակարարվող գազի սակագնին, տեսնում ենք, որ դրանով նա փորձում է վերաբերմունք ցույց տալ ռազմավարական, գործընկերային, նաև ոչ այդքան գործընկերային երկրների նկատմամբ: Թեև 15 դոլարով թանկացումն այդքան ահռելի չէ, այդուհանդերձ, դրանով Ռուսաստանը որոշակի մեսիջներ է հղում: Իմ խորին համոզմամբ, գազի գնի թանկացմանը նպաստել է քաղաքական գործոնը»,- ասում է Կառլեն Խաչատրյանը:

Տնտեսագետը նույնպես նկատում է, որ Փաշինյան-Պուտին բանակցություններից միայն գիտենք՝ սպառողի համար գազի գինը 150 դոլար է, իսկ մնացած հարցերը դեռևս անպատասխան են, այսինքն, ըստ նրա, չկա թափանցիկություն:

«Չենք հասկանում գազի սակագինն ի՞նչ ռեսուրներից է ծածկվելու, որ սպառողը չզգա, գնի պահպանումը վերաբերում է միայն ֆիզիկական սպառողներին, թե՞ կազմակերպություններին: Այստեղ օգտագործվում է սուբսիդավորում տերմինը, իսկ դա ենթադրում է, որ իրականացվելու է պետական միջոցների հաշվին, այսինքն՝ հարցեր կան, որոնց պատասխանները քանի դեռ չկա, հստակ դիրքորոշում կամ մեկնաբանություն չես կարող անել, ավելի շատ գուշակություններ ենք անում»,- նշում է նա:

Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ գազի գնի թանկացումն ի վերջո բերելու է սոցիալական խնդիրների. «Չեմ կարծում, որ սուբսիդավորման մեխանիզմը երկար ժամանակ կգործի, վաղ, թե ուշ սպառողն իր մաշկի վրա այդ թանկացումը զգալու է, իսկ դա, բնականաբար, եղած սոցիալական խնդիրների պայմաներում լուրջ խնդիրներ կառաջացնի»:

Գազ մատակարարող պետությունը գին թելադրողի դերում

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի խոսքով՝ գազի գնի փոփոխությունը պայմանավորված է միջպետական հարաբերություններով, քանի որ ի տարբերություն նավթի, գազի գնի ձևավորման միջազգային գնագոյացման համակարգ գոյություն չունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Facebook Comments